ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Մարաղայի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ

         Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության և վանդալիզմի բազմաթիվ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի և գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսևորումներից, որոնք երբևէ հայտնի են եղել մարդկությանը:

            1992 թվականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր /այժմ` Թարթառ/ բնակավայրից ներխուժեցին Մարաղա` ղարաբաղյան այդ խաղաղ գյուղը: Ագրեսիային զոհ գնացին 100-ից ավելի մարդիկ, հիմնականում` կանայք, երեխաներ, ծերեր: Տասնյակ մարդիկ  դարձան պատանդներ, ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անհայտ: Մոտ երկու շաբաթ անց, ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, մոխրացած հայրենի գյուղ վերադարձած մարդիկ ստիպված եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից:

            Հյուսիսային Արցախում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված հայկական ջարդերից և բռնատեղահանումներից հետո հաջորդ քայլը դարձան Մարաղայի հանցագործությունները, որոնց նպատակն էր վախեցնել մարդկանց և զրկել նրանց հայրենի հողում ապրելու հնարավորւթյունից: Մարդկային ողբերգության խորությամբ, դաժանության աստիճանով, բռնության ենթարկված և պատանդ վերցված անձանց թվաքանակով` Մարաղայի դեպքերը առանձնակի տեղ են զբաղեցնում այն արյունահեղ հանցագործությունների շարքում, որոնք 1991-1992 թվականների ադրբեջանական ագրեսիայի շրջանում իրականացրել է Ադրբեջանը Գետաշենում, Մարտունաշենում, Բուզլուխում, Էրքեջում և ԼՂՀ հյուսիսի այլ հայաբնակ վայրերում:

            Մի քանի օր անց ողբերգության վայր եկած` բրիտանական խորհրդարանի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին  ցնցել էր շուրջը տիրող պատկերը:«Նրանք մարդկային ցեղից չեն»,-այսպես է արտահայտվել լեդի Քոքսը ադրբեջանցի զինվորականների մասին, որոնք սպանդ են իրականացրել: Բարոնուհին ոչ միայն  նկարահանել և լուսանկարել է այդ գազանությունները, այլև նկարագրել է իր բազմաթիվ հարցազրույցներում և«Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում:

           «Այն, ինչ տեսանք մենք այնտեղ, անհնար է նկարագրել: Գյուղն ամբողջովին ավերված էր, ավելի ճիշտ` ջախջախված: Մարդիկ հուղարկավորում էին զոհվածներին, ավելի ճիշտ` այն, ինչ կարելի էր հողին հանձնել` կտրտված և սղոցված մարմինների, ողջակիզվածների և տանջամահ արվածների  աճյունները: Մենք տեսանք արնաթաթախ սուրսայր մանգաղներ, որոնցով անդամատել էին մարդկանց: Մարաղայի բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիներն այնուհետև կողոպտել և հրկիզել  են գյուղը: Ի դեպ մեզ պատմեցին, որ զինվորներից հետո գյուղն են լցվել նաև ճամպրուկներով քաղաքացիական անձինք, որոնք ավարտին են հասցրել կողոպուտը` մենք տեսանք  գետնին ընկած լիքը լցված մի քանի պայուսակներ, որոնք դիակապտներին չէր հաջողվել տանել հետները»,- վկայում էր Քերոլայն Քոքսը:

            Հրաշքով ողջ մնացած ականատեսը`Սեդա Պողոսյանը պատմում է. «Կանայք, ծերերը և երեխաները թաքնվել էին նկուղներում և բլինդաժներում: Երրորդ օրը` 1992 թվականի ապրլի 10-ին ադրբեջանցիները մտան գյուղ: Նրանցից մի քանիսը սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի հարսիս` Մարինեի և երկու մանկահասակ թոռներիս` 4-ամյա Կարենի և 2-ամյա Վիգենի հետ: Ադրբեջանցիները կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, նրա ետևից` Ասյան և Զաբելը: Հենց որ մարդը դուրս ելավ բլինդաժից, նրան տեղնուտեղը սպանեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես  սկսեց վեր բարձրանալ աստիճաններով: Ադրբեջանցին, որ պատրաստ պահել էր դանակը հարվածելու համար, կանգ առավ և սկսեց նրանից պոկել թանկարժեք զարդերը: Հետո պատառոտեց նրա զգեստը: Նա սկսեց  վազելով փախչել, ադրբեջանցին` նրա ետևից: Բլինդաժի ելքն  ազատ էր: Մարդիկ նետվեցին դեպի դուրս: Նրանց նկատեցին թալանով զբաղված  ադրբեջանցիները և վրա հասան սպանելու` կացիններով, դանակներով, գերանդիներով: Իսկույն մորթվեցին Մասյա և Ռուբեն Անանյանները: Տեսա, դահիճներից ինչպես է փախչում հարսիս  քույրը` Կարինան»:

            Մարաղայի մի այլ բնակիչ` Լարիսա Բադալյանը 1992 թվականի ապրիլի 10-ից մինչև դեկտեմբերի 2-ը պատանդ է եղել ադրբեջանցիների մոտ:

            «…Կանանց բանտախցից հերթով դուրս էին տանում և ետ բերում արնաշաղախ ու կիսամերկ . Զոյային, Մաշոյին, Թամարային: Մեկ ժամ անց դուռը բացվում էր, ներս էին խուժում զինված զինվորները, և կանանց վրայից պոկոտում հագուստի մնացորդներն ու բռնաբարում:

            Երեք օրից հետո մեզ տարան Ղուբաթլուի բանտը, որտեղ տեսա հոգեկան հիվանդ որդուս` Ապրեսին: Նրա մի աչքը հանված էր, գլուխը` ուռած: Հատակին ընկած էր մի երիտասարդ մարտակերտցի տղա, որ կիսամեռ վիճակում էր` այնքան էին ծեծել… Որդիս հովիվ էր աշխատում, ես էլ տան գործերն էի անում: քնում էինք բարաքում, սնվում էինք ուտելիքի մնացորդներով: Աչքիս առաջ հաճախ էին ծեծում որդուս: Մի անգամ գյուղ բերեցին մի ադրբեջանցու, և մեզ ուզում էին մորթել նրա գերեզմանին…»,- վկայել է նա:

            1997 թվականին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ ուժերով Մարաղայի դեպքերի վերաբերյալ պատրաստել են  մի ծավալուն տեղեկանք և այն ուղարկել Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովին: Helsinki Watch միջազգային կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է, որ  տասնյակ խաղաղ բնակիչներ տանջամահ են արվել և տասնյակ կանայք ու երեխաներ  պատանդ են քշվել: Սակայն  Մարաղայի ողբերգական դեպքերը բավարար չափով չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում, մինչև այսօր դրանք չեն արժանացել միջազգային հանրության համարժեք   գնահատականին:

            «Ամենահզոր զենքը` արդարությունը, մեր կողմից է,-պնդում էր բարոնուհի Քոքսը: - Պետք է միջազգային կառույցներում հարց բարձրացնել, որ Ադրբեջանը փորձել է  ցեղասպանություն կատարել Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրել` աշխարհին ներկայացնելու այն զանգվածային հանցագործությունները, որոնք հայերի դեմ կատարվել են Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում և այլ տեղերում: Դրանք հանցագործություններ են, որոնք ուղղված են   մարդկության դեմ: Ես հասկանում և իմ զորակցությունն եմ հայտնում Ղարաբաղի հայերին այն հարցում, որ  նրանք այլևս  երբեք չեն կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո, քանի որ Ղարաբաղում Ադրբեջանի իշխանության ներքո ապրած հայերը շատ փորձությունների միջով են անցել»:

            Այն, ինչ տեղի ունեցավ Մարաղա գյուղում, որն առ այսօր բռնազավթված  է Ադրբեջանի կողմից, չի կարելի անվանել ռազմական գործողություն , քանի որ այդ բնակավայրում ռազմակայաններ չեն եղել և ապրել եմ միայն ու միայն խաղաղ քաղաքացիներ, ովքեր էլ դարձել էին ագրեսիայի գլխավոր թիրախը: Հանցավոր գործողությունները ունեին մեկ նպատակ` վտարել մարդկանց հայրենի հողից:

            Ամփոփելով վերը շարադրվածը, պետք է արձանագրել, որ Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը վաղեմություն չունեցող հանցագործություն է` ընդդեմ մարդկության և քաղաքակրթության, իսկ նրա կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: