[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՙՍԻԴՆԵՅ՚ ԹԱՂԱՄԱՍ. ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՙԱՐԻ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՙԱրցախ ռութս ինվեսթմենթ՚ (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի։

 Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել ՙԱՐԻ՚ ընկերության դերը Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրերի ընդլայնման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների շրջանակում նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, և շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի 50 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ 

Առաջարկվող ծրագրերի վերաբերյալ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը սլայդների միջոցով ներկաների ուշադրությանն է ներկայացրել գերատեսչության կողմից կատարված աշխատանքները՝ նշելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում դրանք վերջնական տեսքի կբերվեն։ 

ՙԱՐԻ՚ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը, գոհունակություն հայտնելով Արցախի կառավարության հետ ձևավորված համագործակցությունից, նշել է, որ տարեցտարի ծրագրին մասնակցողների թիվն աճում է։ Անդրադառնալով Քարվաճառում իրականացվելիք բնակարանաշինությանը՝ Վ. Գասարջյանը նշել է, որ քանի որ այն կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, առաջարկ կա թաղամասը ՙՍիդնեյ՚ անվանելու։ 

Գաղափարը ողջունվել է պետնախարարի կողմից, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին սկսել շինարարական աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրամադրվող գումարների տոկոսադրույքների վերանայման, նոր ներդրողների ներգրավման նպատակով պետության կողմից պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։ 

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի 

տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժին