[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Ադրբեջանի գործողությունները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը։

 Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

ՙ2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https։//haqqin.az/comics /140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և իբր թե ՙդիվերսիա՚ կատարելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ 

Ըստ լրատվամիջոցների՝ Ա. Բաղդասարյանը դիմել է Ն.Փաշինյանին. ՙեթե դուք իսկապես հոգ եք տանում Ձեր ժողովրդի մասին, խնդրում եմ, որ երկու կողմերի տառապող մարդկանց ազատ արձակման հարցում Ադրբեջանից Ձեր հակառակորդի հետ ընդհանուր հայտարարի գաք՚։ Նամակում նշվում է նաև, որ, լինելով համանման իրավիճակում, ինքը հասկանում է, թե ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում, և մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում։ 

Արսեն Բաղդասարյանի նամակին հաջորդել է վերջինիս հարցազրույցի տարածումը ադրբեջանական լրատվամիջոցներով (https։//azertag.az/ru/xeber/Arsen_Bagdasaryan_Pomogite_vernutsya_domoi_VIDEO-1219080), որտեղ նա հանդես է գալիս նույն կոչով, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցնում Արցախի բնակչության և ՀՀ իշխանությունների հասցեին։ 

Հարկ է նշել, որ կատարվածը բացառիկ չէ, քանի որ 2018թ. փետրվարի 27-ին ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը տարածել էր տեսանյութ (http։/ /minval.az/news/123767613), որում Արսեն Բաղդասարյանն ադրբեջաներենով բանաստեղծություն էր արտասանում, այնուհետև նկարագրում իր բանտային հարմարավետ պայմանները՝ նշելով, որ որևէ բռնության չի ենթարկվում այնտեղ։

Արսեն Բաղդասարյանի նկատմամբ պարբերաբար հասարակության ուշադրության կենտրոնացման քաղաքականությունը չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) և զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից։ Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է կատարվածը և միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին կոչ անում տեղի ունեցածին տալ համարժեք արձագանք, քանի որ Ադրբեջանի կողմից պարբերաբար ու հետևողականորեն խախտվում են Արցախի Հանրապետության բնակիչ, քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքները։ 

Պաշտպանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է հետևողական լինել իր իրավազորության տակ գտնվող Ադրբեջանի Հանրապետության 3 քաղաքացիներին հանրային հետաքրքրասիրությունից զերծ պահելու հարցում՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և նորմերին։ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերական ուշադրության ներքո է պահում Արցախի Հանրապետությունում ազատազրկված Ադրբեջանի քաղաքացիների խնդիրները և ըստ անհրաժեշտության նրանց հետ հանդիպումներ է ունենում ազատազրկման վայրում՚։

 

ԱՀ մարդու իրավունքների 

պաշտպանի աշխատակազմ