[ARM]     [RUS]     [ENG]

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

altԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ՙՀայրենիք՚, ՙԺողովրդավարություն՚, ՙԴաշնակցություն՚ խմբակցությունների
եւ ՙԱրցախատուն՚ պատգամավորական խմբի
Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը
 

Մարաղա գյուղում իրականացված ոճրագործության 20-րդ տարելիցի առթիվ

1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց օժանդակում էին բազմաթիվ վարձկաններ, գրոհեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը, որն ադրբեջանական կողմի համար ռազմական տեսակետից ոչ մի վտանգ չէր ներկայացնում: 

Ռազմագործողության նպատակն էր բնաջնջել Մարաղան, խաղաղ բնակչությանը ենթարկել զանգվածային կոտորածի եւ բռնատեղահանման: Մարաղայում առանձնակի դաժանությամբ սպանվեցին, տեղահանվեցին եւ գերեվարվեցին հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ, որոնցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:
Մարաղայում կատարվեց ծանր հանցագործություն, որի մեղավորները շարունակում են մնալ անպատիժ, իսկ բնակավայրը` բռնազավթված: Մարաղայի ավելի քան 1000 նախկին բնակիչ  ներկայումս ապաստանում է աշխարհի մի քանի երկրներում: 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները, խստորեն դատապարտելով Մարաղայում իրականացված ոճրագործությունը, դրանք գնահատում են որպես ցեղասպանություն եւ հայտարարում, որ.
 -հետամուտ են լինելու, որպեսզի խաղաղ բնակչության դեմ հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները կանգնեն դատարանի առջեւ եւ ենթարկվեն պատասխանատվության
-պաշտպանելու են սեփական հայրենիքում ինքնիշխան պետություն կերտած արցախահայության իրավունքները` ներառյալ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ ըստ ամենայնի նպաստելու են Արցախի Հանրապետության շարունակական հզորացմանը` այն դիտարկելով որպես մեր ժողովրդի անվտանգության եւ բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը
- մշտապես մերժելու են այլատյացությունը եւ բռնության քարոզը:
 
 
ք. Ստեփանակերտ
10 ապրիլի, 2012թ.