[ARM]     [RUS]     [ENG]

Գրիգորի Մարտիրոսյանը մասնակցել է «CONIFA Sportsbet.io Եվրոպայի ֆուտբոլային առաջնություն 2019»-ի բացման մամուլի ասուլիսին և միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին Ստեփանակերտում «CONIFA Sportsbet.io Եվրոպայիֆուտբոլային առաջնություն 2019» միջոցառումների մեկնարկից առաջ CONIFA-ի և կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարության հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացվել են նախապատրաստական աշխատանքները, Արցախում անցկացվող առաջնության առանձնահատկությունները, ինչպես նաև սպասելիքները։

 «Արցախում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ: Անցյալ տարի CONIFA-ի հերթական առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ որպես երիտասարդ, սպորտային, ապագային միտված և իր երազանքների հետևից գնացող խաղաղ երկիր։ Այդ պատճառով մենք արել ենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ միջոցառումը։

Այս ընթացքում հիմնանորոգվել են 4 մարզադաշտերը և դրանք միասին կարող են հյուրընկալել մինչև 14000 մարզասերների։ Նաև ավելի քան 50 մշակութային միջոցառում ենք նախատեսում և լայնամասշտաբ բացման արարողություն:

Ցավոք սրտի, ոչ բոլոր նախապես հայտ ներկայացրած հավաքականներն են կարողացել մասնակցել առաջնությանը, սակայն դա մեզ համար խոչընդոտ չէր իսկական տոն պարգևելու արցախցուն և մեր հյուրերին»,- ասել է պետնախարարը:

«Մեզ անդամակցում են թիմեր բոլոր մայրցամաքներից։ Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու։ Իսկապես զարմացած ենք արցախցիների ջերմ վերաբերմունքից։ CONIFA-ի այս առաջնության առաքելություններից մեկն էլ Արցախը աշխարհին ներկայացնելն է»,- իր խոսքում նշել է CONIFA նախագահ Պեր-Անդերս Բլինդը։

«Համոզված եմ, որ ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու։ Շատ բարձր եմ գնահատում վերջին ամիսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքը։ Նաև համոզմունք ունեմ, որ Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

Այնուհետև, Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, մեկնարկել է առաջնության բացման հանդիսավոր միջոցառումը: Մասնակից երկրների թիմերի հանդիսավոր երթից հետո պաշտոնական բացման խոսքով հանդես են եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլիդտը։ Պաշտոնական հատվածից հետո մարզադաշտը վերածվել է համերգասրահի, որտեղ Հայաստանի, Արցախի աստղերը տպավորիչ շոու են ներկայացրել: Հատուկ հյուր էր հանրահայտ Մանոլո Ջիփսին, որն իսպանական ռիթմերով վարակել է հանդիսատեսին։ Երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ և Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ։