ՙԼՈՒՅՍԻ ՄՈԼՈՐԱԿ՚ ԿՐԹԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱԶԱՐԱՎՈՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՈՒ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ
Հուլիսի 13-ին, Ստեփանակերտում, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՙԻմ քայլը՚ հիմնադրամի համագործակցությամբ, կայացել է ՙԼույսի մոլորակ՚ ծնողի ու մանկան կրթական փառատոնը՝ իր բազմազան ժամանցային ծրագրերով հյուրընկալելով հազարավոր ծնողների ու երեխաների։
Կազմակերպիչ ընկերություն՝ CREO Project Solutions։Փառատոնը նպատակ ուներ հավասար հնարավորություններ ստեղծել սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար, ինչպես նաև աջակցելու հատուկ խնդիրներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. ՙԱյսպիսի միջոցառումները հնարավորություններ են ստեղծում ոչ միայն երեխաների կրթության ու ինտելեկտուալ ժամանցի, այլ նաև ընտանիքի ներդաշնակ զարգացման համար։ Արդյունքում` ստեղծված բավականին բարենպաստ պայմաններն ինքնին նպաստում են մարդկանց բազմակողմանի իրազեկվածության բարձրացմանը և մարդու իրավունքների պաշտպանության հիմքերի ամրապնդմանը։ Մենք կարևորում ենք նմանատիպ ներառական ու զարգացնող միջոցառումների կազմակերպումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքավարության պատշաճ մշակույթի զորացման տեսանկյուններից՚։
ՙԻմ քայլը՚ հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշել է, որ այս միջոցառմամբ հիմնադրամը գործունեություն է սկսում Արցախում՝ նախատեսելով իր բոլոր ծրագրերն իրականացնել նաև այստեղ։
Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին հեքիաթի անկյուն` հայտնի դերասանների հետ, ֆիզիկայի, քիմիայի և այլ բնագիտական առարկաների ինտերակտիվ անկյուններ, մանկական թատերական ներկայացումներ, խաղեր և այլն։
Մինչ երեխաները զբաղված էին իրենց համար նախատեսված զարգացնող ու ժամանցային ակտիվություններով, ծնողները լսել են դասախոսություններ և առաջատար մասնագետների հետ քննարկել իրենց հուզող ամենատարբեր հարցեր, ներառյալ՝ հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան, նորածնային խնամք, կրծքով կերակրելու առանձնահատկություններն, երեխայի զարգացում և հատուկ կարիքների բացահայտում և այլն։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ