[ARM]     [RUS]     [ENG]

Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ Երեւան քաղաքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւան քաղաքում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հարցերի:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն քննարկել մեր առջեւ ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ եւ ընդունել հիմնավորված որոշումներ:
Երկրի ղեկավարը Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցությունը համարել է կարեւորագույն գործոն առաջադրված խնդիրների լուծման համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կյանքի կկոչվեն բոլոր ծրագրերը, կապահովվի մեր հայրենիքի դինամիկ եւ բնականոն առաջընթացը: