[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

 Մայիսի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահիլճում տեղի է ունեցել հանդիպում  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ։

            Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակիցներ՝ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը բարձրաստիճան դիվանագետը հանդես եկավ   «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությունը» թեմայով բանախոսությամբ, որի ընթացքում, հիմք ընդունելով  ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթները, պարզաբանեց նշված սկզբունքների էությունն ու նշանակությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում։  Իրենց հարաբերակցության մեջ, նշեց նա, այդ երկու, ըստ էության, կարևոր սկզբունքներն իրականում չեն հակասում միմյանց, ինչպես դա սովորաբար փորձում են ներկայացնել, քանզի դրանցից յուրաքանչյուրն ինքնին առանձին և, բնականաբար, մեկմեկուց տարբեր իրավաքաղաքական կացություն է ենթադրում։ Բանախոսի պարզաբանմամբ՝ այդ սկզբունքներից առաջինը, ամրագրված լինելով որպես միջազգային հանրակցության հիմնարար նպատակ, սահմանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ երկրորդը, գործելով միայն միջպետական հարաբերությունների տիրույթում, ներկայանում է իբրև այդ հարաբերությունների կարգավորման միջոց, որի պարագայում անթույլատրելի է համարվում պետության տարածքային ամբողջականության խախտումը։

Բանախոսության ավարտին, պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման նախորդ փուլերի իրողություններին, ինչպես նաև ներկա և առաջիկա հնարավոր զարգացումներին, հանդես եկավ լրացուցիչ պարզաբանումներով։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ