ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 20-ին գումարել է 11-րդ նստաշրջանի առաջին նիստը։
Բացելով նիստը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ նշելով, որ 32 տարի առաջ փետրվարի 20-ին Արցախի ժողովուրդն աշխարհի կողմից ճանաչվեց որպես իր ոտնահարված իրավունքների ու ազատությունների և պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու պայքարի ելած հանրություն։ ՙՂարաբաղյան շարժման արդյունքն այսօրվա Արցախի Հանրապետությունն է, որի միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր քաղաքական գլխավոր նպատակը՚ -ընդգծել է խորհրդարանի ղեկավարը։
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ԱԺ դահլիճում ներկա 1988թ.-ի ազատագրական պայքարի առաջամարտիկներին և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով կամք և նորանոր հաջողություններ։
Նիստի և նստաշրջանի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է օրենքների նախագծերի քննարկմանը։
ՙՓրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին՚ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը։
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը քվեարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը։
Հաջորդիվ խորհրդարանը լսել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած օրենքների նախագծերը.
ՙՔրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, որով դատարանին հնարավորություն է ընձեռվում բացառիկ դեպքերում մարդասիրության սկզբունքից ելնելով՝ ազատազրկում պատժատեսակի փոխարեն նշանակել ավելի մեղմ պատիժ։
Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։ Օրենքն ընդունվել է։
ՙՙՆոտարիատի մասին՚ օրենքում լրացում կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո, ընդունվել է։
ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚, ՙԻրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին՚ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԱպրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին՚ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚, ՙՙԱրհեստակցական միությունների մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙՔաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո 26 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
ՙԻնտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին՚ օրենքի նախագծի մասով օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվություն պարունակող հայտարարությունը կտեղադրվի նաև www.azdararnkr.am Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու նպատակով։
Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ևս դրական էր։ Ազգային ժողովն օրենքն ընդունեց առաջին ընթերցմամբ։
ՙՔաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՚ և ՙՔաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանի ներկայացմամբ ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Խորհրդարանն ընդունել է օրենքը։
ՙԶինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՚ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը։ Նախարարի խոսքով՝ առաջարկվող օրինագծով միաժամանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու ցանկության դեպքում՝ վիճակահանությանը կմասնակցի միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել։ Նախարարի փոխանցմամբ՝ պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով՝ նախագծով հնարավորություն կընձեռվի պայմանագիր կնքել նաև երկու տարի ժամկետով, իսկ ակադեմիական ուսումնառություն ունեցող կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ավարտած անձանց հնարավորություն կտրվի առաջին պայմանագիրը կնքել մինչև հինգ տարի ժամկետով։
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանն ընդունել է օրենքը։
ՙՋրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը։
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: 20 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է։
Նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով։ Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Ռոմելա Դադայանը և Հայկ Խանումյանը։
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին