Logo
Print this page

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու ուղղությամբ

Հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը` Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.

. Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ` շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
. ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև գործում է օպերատիվ հաղորդակցություն։ Նախարարությունից խումբ է գործուղվել ՀՀ գործընկեր կառույց` ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով։
. ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ։ Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են։ Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտաբերվել։
. Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում։ Գործող չափորոշիչների համաձայն, 25 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը։
Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է` վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով։
. Արցախի Հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով։
. Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց։
. Քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները` կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու, սեփական առողջությունը չվտանգելու ուղղությամբ։
Առողջապահության նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն պաշտոնական ու սոցիալական հարթակներում։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.