ՊԱՇՏՊԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ 13 ԱՆՁԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԻՋԱԴԵՊԻՆ
Մարտի 18-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել, որ Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցը մեքենաներով փակած՝ Արցախի հեղափոխական կուսակցության մի խումբ հետևորդներ վարչական ձերբակալման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն։
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անձամբ այցելել է ոստիկանության քաղաքային վարչություն, որտեղ զրույցներ է ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 13 անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել ազատությունից զրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ։
Զրույցների և հասանելի նյութերի հիման վրա ուսումնասիրելով միջադեպի և ազատությունից զրկելու հանգամանքները՝ Պաշտպանն արձանագրում է՝
1.Քաղաքացիները նշել են, որ իրենք փակել են Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցը՝ ի պատասխան նախօրեին Մարտունի քաղաքում տեղի ունեցած միջադեպի, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։ Պաշտպանը հորդորում է բոլոր քաղաքացիներին իրենց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով չխախտել այլոց իրավունքները և կիրառել օրենսդրությամբ չարգելված միջոցներ։
2.Ճանապարհը բացելու ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու հիմնավորմամբ ոստիկանությունը վարչական ձերբակալման է ենթարկել 13 անձի։ Նրանց հետ զրույցների արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից ոմանց դեպքում տեղում արձանագրություն կազմելը հնարավոր չէր, հետևաբար, նրանց իրավունքների հանդեպ ոստիկանության միջամտության համաչափության հարց չի առաջացել։ Սակայն այլոց պարագայում, ըստ նրանց պնդումների, ոստիկանությունը չի էլ փորձել տեղում պարզել անձը ու կազմել արձանագրությունը՝ միանգամից կիրառելով ազատությունից զրկելու միջոցը։ Ուստի, վարչական ձերբակալման ենթարկված անձանց մի մասի պարագայում կարելի է արձանագրել, որ,ըստ ամենայնի, ոստիկանությունը պատշաճ կերպով չի առաջնորդվել ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ կիրառելով ազատությունից զրկելու միջոցը անհամաչափ կերպով։ Պաշտպանը պահանջում է ոստիկանությունից իրավախախտումները կանխելու կամ դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմելու նպատակով կիրառել համաչափ միջոցներ՝ ազատությունից զրկելը թողնելով որպես վերջին տարբերակ։
3.Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ անձանց ազատությունից զրկելու, ներառյալ՝ վարչական ձերբակալման ենթարկելու հենց սկզբից ոստիկանությունը պատշաճ ու անհապաղ կերպով նրանց ներկայացնի ազատությունից զրկելու պատճառները և հիմնական իրավունքները։
4.Վարչական ձերբակալման ենթարկված անձինք բողոքներ են ներկայացրել ոստիկանության կողմից կիրառված միջոցների համաչափության վերաբերյալ, իսկ ոստիկանության քաղաքային վարչությունում ցուցաբերված վերաբերմունքի առումով որևէ բողոք չեն ունեցել։ Պաշտպանն արձանագրել է, որ օրենսդրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։
5.Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգություն է հայտնում, որ վարչական ձերբակալման ընթացքում մեկ քաղաքացի ստացել է կողոսկրերի մեխանիկական վնասվածքներ, ինչը հաստատվել է բժշկական կրկնակի հետազոտությունից հետո։ Պաշտպանը միջադեպի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հետ, որպեսզի համոզվի, որ տվյալ միջադեպը պատշաճ կերպով կուսումնասիրվի դատախազության կողմից։ Պաշտպանը շեշտադրել է, որ հարկ է քաղաքացու ստացած վնասվածքի առթիվ վարույթի շրջանակներում համակողմանիորեն ու լրիվությամբ ստուգել բոլոր հանգամանքները,ներառյալ՝ մեղավորների շրջանակը, մեղքի աստիճանը և տալ համապատասխան իրավական գնահատական։
ԱՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ