ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով 2020 թվականի մարտի 18-ին ժամը 18։05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքում ճանապարհը փակելու միջադեպի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում իրազեկել հանրությանը, որ ոստիկանությունը կոչված է նախականխելու, կանխելու և խափանելու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները։
Ճանապարհը փակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը հակաիրավական արարք է՝ արգելված օրենքներով և խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու և մի շարք այլ իրավունքներ։ Հետևաբար ոստիկանությունը կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ խափանել վարչական իրավախախտումը, ոստիկանության ծառայողների՝ խոչընդոտը վերացնելու հորդորները և պահանջները տրանսպորտային միջոցների վարորդների կողմից չկատարելուց հետո դրանք տեղափոխել հատուկ տարածք, ինչպես նաև բերման ենթարկել վարույթ պահանջող իրավախախտում կատարած անձանց։
Միաժամանակ իրազեկում ենք, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելու, կանխելու ու խափանելու, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից։
Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող որևէ գործողություն քաղաքականացնելուց։