[ARM]     [RUS]     [ENG]

Պաշտպանը հետևելու է ԱՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը արտակարգ ռեժիմով հետևելու է ԱՀ-ում ապրիլի

12-ից հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդու իրավունքների և
ազատությունների պաշտպանության վիճակին՝ հորդորելով պետական լիազոր
մարմիններին կիրառել առավելագույնս արդյունավետ միջոցներ նոր կորոնավիրուսի
(COVID-19) տարածումը կանխարգելելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով
անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակման համաչափությունն ու
իրավաչափությունը:

Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասինԱՀ նախագահի
հրամանագրով, վարակի տարածմանը նպաստող և կանխարգելմանը խոչընդոտող
հանգամանքներից խուսափելու նպատակով հանրապետության տարածքում կիրառվել են
Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու
հիմնական իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումներ,
մասնավորապես՝ անձնական ազատության (27-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու
իրավունքի (40-րդ հոդված), հավաքների ազատության (44-րդ հոդված),
սեփականության իրավունքի (60-րդ հոդված) և արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի
Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և
ազատությունները:

Պաշտպանը ողջունում է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ
իրականացվող միջոցառումները՝շեշտադրելով, որ քաղաքացիների առողջության
պահպանման իրավունքի պաշտպանությունը տվյալ պարագայում գլխավոր
առաջնահերթությունն է: Այնուամենայնիվ, խիստ կարևոր է, որ Արցախի
Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական
իրավունքների և ազատությունների բոլոր սահմանափակումները համաչափ (պիտանի և
անհրաժեշտ) լինեն հանրապետության տարածքում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը,
և սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող
հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Պաշտպանն օրենքով սահմանված
իր լիազորությունների շրջանակներում արագ արձագանքելու է այն բոլոր
դիմումներին և բողոքներին, որոնք կվերաբերեն Արցախի Հանրապետության
Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և
ազատությունների անհամաչափ և անհարկի սահմանափակումներին:

Հաշվի առնելով ապրիլի 14-ին նախատեսված՝ ԱՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի
քվեարկության անցկացմամբ պայմանավորված լրացուցիչ առողջապահական ռիսկերը՝
Պաշտպանը վերահաստատում է իր նախորդ հայտարարության
<https://artsakhombuds.am/hy/news/418> մեջ նշված դիրքորոշումն առ այն, որ
պետական լիազոր մարմինները պարտավոր են առավելագույն ջանքեր գործադրել
հնարավորինս անվտանգ պայմանների ապահովման ուղղությամբ: Մասնավորապես, ի
լրումն տեղամասային կենտրոնների ախտահանման, անհատական գրիչների, դիմակների ու
ձեռնոցների տրամադրման՝պետք է կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել
տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման
ուղղությամբ:

Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում հետևելու է նաև քաղաքացիների
ընտրական իրավունքների իրացման գործընթացին՝ և՛ լրատվամիջոցներով ու
սոցիալական ցանցերով, և՛ դիտորդական խմբերի հետ համագործակցության միջոցով:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ԱՀ պարետի և պարետատան
կազմում ընդգրված մյուս պատասխանատուների հետ՝ ըստ անհրաժեշտության փոխանցելով
իր դիտարկումներն ու առաջարկները մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության
ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով
յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել 116 հեռախոսահամարով, իսկ դիմումները և
բողոքներն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ Պաշտպանի կայքում
<https://artsakhombuds.am/hy/contact_us> ներկայացված տվյալներով: