[ARM]     [RUS]     [ENG]

Ցավակցական հեռագիր բարերար Ասո Թավիթյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի ընտանիքին:

 

Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ, մեծ հայրենասեր Ասո Թավիթյանի մահվան մասին։
Ասո Թավիթյանն իր կյանքի եւ գործունեության ողջ ընթացքում ապրել է հայրենիքի հոգսերով, մեծ աշխատանք է տարել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապմնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայության շահերը տարբեր երկրներում պաշտպանելու ուղղությամբ:
Նրա համար յուրահատուկ նշանակություն ուներ Արցախը, որտեղ իր անմիջական մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնց շարքում առանձնակի կարեւորություն ունի կրթական ոլորտը: Բարերարի աջակցությամբ տասնյակ արցախցիներ որակյալ կրթություն են ստացել աշխարհի առաջատար բուհերում:
Ասո Թավիթյանի հայրենանվեր գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի եւ ընդօրինակման:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով>>: