[ARM]     [RUS]     [ENG]

Գնդային մարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ

Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անց են կացվում տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ:

 Վերոնշյալ և հակառակորդի գործողությունների բնույթից բխող հանգամանքների հաշվառումով էլ ապրիլի 20-23-ը հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն, որի առաջին փուլում, նպատակ ունենալով ստուգել զորամասի մարտական պատրաստականությունն ու դրանց հետ կապված խնդիրների իրականացումը, համապատասխան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի` պայմանականորեն զբաղեցնելով մարտական կիրառման շրջանները:

Գումարտակներից մեկի ուժեղացված կազմով անցկացված մարտական հրաձգության փուլում, որին, բացի միավորման հրամկազմից, ապրիլի 23-ին հետևել և մասնակիցներին ուսումնամեթոդական ցուցումներ է տվել նաև պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, խաղարկվել են պաշտպանողական ու հարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ զորամասի առջև դրված իրական խնդիրները:

Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և կասեցնելով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը` հրամանատարների կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք մասնակից անձնակազմի կողմից կյանքի են կոչվել գերազանց մակարդակով: Այնուհետև, վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան կրակային աջակցություն` զրահատանկային ուժերի, հրետանու և հակաօդայինների օգնությամբ իրականացվել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի խոցում, հակագրոհի կազմակերպում և, օգտագործելով նաև արդիական տեխնիկական միջոցներ ու նորարարական տարբեր լուծումներ, ստորաբաժանումները, լիովին ձախողելով հակառակորդի մտադրությունները, վերականգնել են առաջնագիծն ու  զբաղեցրել շատ ավելի նպաստավոր բնագծեր:

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունները եզրափակվել են ընդգրկված ստորաբաժանումների հանդիսավոր երթով: