[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահն ընդունել է բարերար Համլետ Վաչենանցին

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 9-ին ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցին:

Խոսելով բարերարի կողմից Արցախում իրականացված ծրագրերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հատկապես ապրիլյան պատերազմի օրերին նրա ցուցաբերած պատրաստակամության և մեծ աջակցության, ինչպես նաև դրսում բնակվող մեծաթիվ հայրենակիցների համախմբելու և դժվար պահին հայրենիքին օժանդակելու վեհ առաքելության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համլետ Վաչենանցը ԱԺ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդհունավետ գործունեություն:

Ներկայացնելով Արցախում իրականացվող ծրագրերը՝ գործարարը նշել է, որ ներդրումների ծավալը արդեն անցնում է 15 մլն դոլարը: Խոսելով  Արցախում բազմաբնակարան շենքերի կառուցման ընթացքից, Համլետ Վաչենանցը հայտնել է, որ Մարտունի և Ստեփանակերտ քաղաքներում ավարտվել են 100 բնակարանոց շենքերի կառուցման, ինչպես նաև Ստեփանակերտի 17 հարկանի երկու բազմաբնակարանոց շենքերի նախագծային աշխատանքները: Գործարարի փոխանցմամբ՝ երկու ամսից Ճարտարում կմեկնարկի 200 բնակարանների կառուցումը: Պլանավորվում է աշնանը մեկնարկել ծխախոտի արտադրությունը: Նախատեսվում է նաև կարի ֆաբրիկայի կառուցում:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ներդրումային դաշտի և նոր աշխատատեղերի ստեղծման պայմաններին վերաբերող թեմաներ:

Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: