[ARM]     [RUS]     [ENG]

Կասֆալտապատվի Ծակուռի-Ակնաղբյուր ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհը. Նախագահ Հարությունյանն այցելել է Հադրութի շրջան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանում էր:

 Երկրի ղեկավարը հետևել է Ծակուռի-Ակնաղբյուր 7 համայքներ ընդգրկող ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհահատվածի հողաշինական աշխատանքների ընթացքին, որոնց կհաջորդի ասֆալտապատումը:  

Հանրապետության նախագահը Ծակուռի համայնքում ծանոթացել է նաև բարեգործական միջոցներով և պետական օժանդակությամբ օրերս շահագործման հանձնված խմելու ջրի ներքին ցանցի աշխատանքին, ինչպես նաև այցելել գյուղի 11-րդ դարի եկեղեցի, որը ևս վերականգնվում է բարերարի կողմից:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է ենթաշրջանի Մարիամաձոր համայնքում, որտեղ պետական ֆինանսավորմամբ խմելու ջրի ապահովման նպատակով  իրականացվում են նոր ջրագծի կառուցման և ներհամայնքային ճանապարհների սալապատման և բարեկարգման աշխատանքներ:

Ուխտաձորում ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է իրականցվող ծրագրերն ու առկա խնդիրները: Նախագահը ընդգծել է առկա հնարավորությունների չօգտագործման անթույլատրելիությունը՝ այդ համատեքստում առաձնացնելով ոռոգման ջրով ապահովվածության պայմաններում դաշտերն անմշակ թողնելու փաստը: Նա պահանջել է համայնքների ղեկավարներից շտապ միջոցներ ձեռնարկել բացը վերացնելու ուղղությամբ:

Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Ստեփանակերտ-Կարմիր շուկա մայրուղու վերանորոգման աշխատանքներին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ