[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին:

 Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծելով Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Արմեն Ռուստամյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթները: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հետևողական է լինելու ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչման գործում:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

 ուրբաթ,21 օգոստոսի 2020թ.