[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ վարչապետին ուղղված շնորհավորական խոսքում ԱՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի Հանրապետությունն ունեն երաշխավորված ապագա և դինամիկ զարգացման համար բոլոր նախադրյալները: Նախագահ Հարությունյանն ընդգծել է նաև ՀՀ վարչապետի հետ հաճախակի հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր դեպքում քննարկման հիմնական առանցքը լինում է ԱՀ և ՀՀ անվտանգությունը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: «Մենք հասկանում ենք, որ այսօր՝ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում, պարտավոր ենք անել առավելագույնը, որպեսզի ունեցած կայուն խաղաղությունը հարատևի»,- ասել է ԱՀ նախագահը:
Իր խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ Անկախության տոնը հայոց պատմության մեջ ունի առանձնահատուկ տեղ, և պետք է գործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի 1991 թվականին հայ ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունն էլ ավելի ամրապնդվի և հզորանա: «Կարծում եմ՝ մեզ համար միանշանակ է, որ միայն պետականության առկայությամբ կարող ենք երաշխավորել մեր ժողովրդի զարգացումը: Իհարկե, Արցախն այսօր մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է, և ես ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և ապագայում մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր առաքելությունը իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքային զարգացումն ապահովելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը