[ARM]     [RUS]     [ENG]

Հրադադարը խախտել է Ադրբեջանը` ՊԲ-ի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց. ԱՀ ԱԳՆ

 

Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` ԱՀ ՊԲ-ի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ

Ի հեճուկս 2020 թ․ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության եւ ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները եւ Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների վրա։

Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարելուց հետո Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։

Թուրք-ադրբեջանական ուժերի փաստացի հրաժարումը՝ դադարեցնելու կրակը, միանշանակ վկայում է, որ Թուրքիան, չհասնելով իր առջեւ դրված նպատակներին եւ այդ պատճառով շահագրգռված չլինելով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման մեջ, հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության իրականացումը։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկիչների ձեռքերով Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական խնդիրները լուծելու փորձերից։

Այս պայմաններում, երբ մի կողմը՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկիչների, համառորեն ընդդիմանում է խաղաղության հաստատմանը, միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Այս ուղղությամբ կարեւոր քայլ է նաեւ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»։