[ARM]     [RUS]     [ENG]

Թշնամու ողնաշարը ջարդելու եւ մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարեւոր է. Արցախի նախագահ

 

Հարգելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարւթյունյանը։

Նա, նաեւ նշել է. «Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ եւ կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից եւ նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին եւս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու եւ ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու եւ մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարեւոր է:

Մենք հաղթելու ենք եւ գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում եւ հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Ի գործ»։