Logo
Print this page

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան

Բացելով նստաշրջանը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեցոր Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1. ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչԱրցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ),

2. «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչԱրցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

3. ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչԱրցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն առաջարկեց՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, հայտարարել ընդմիջում 20 րոպե տևողությամբ:

Ընդմիջումից հետո Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը: Վերջինիս փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:

Նախագծով առաջարկվում են՝

  • ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000 դրամ,
  • կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմի պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում,
  • զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային վճարների գանձումը իրականացնել 2021թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար: Պատասխանելով խորհրդարանականների առաջադրած հարցերին՝ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը տվեց համապատասխան պարզաբանումներ:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը՝ ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի նիստի՝ նախագծին տրված 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացությունը:

Արթուր Հարությունյանը հայտարարեց ,որ «Ազատ հայրենիք և ՔՄԴ» խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:

Մտքերի փոխանակությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Օրենքի կարգավորումները կտարածվի 2020թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ գլխադասային հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Վերջինս նշեց, որ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

Խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

Օրակարգային վերջին հարցը ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր, որը ներկայացրեց Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Նախարարի փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման հետ:

Օրինագծով առաջարկվում է՝

  • Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում,
  • Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության , Արցախի Հանրապետության ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ« Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը արտահերթ նիստը համարեց փակված:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.