[ARM]     [RUS]     [ENG]

Հանրապետության նախագահն ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններո­վ Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Նախագահը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին տասնամյակներ շարունակ Արցախում հայրենանվեր առաքելություն իրականացնելու և օրհասական պահերին ժողովրդի կողքին լինելու համար՝ չափազանց կարևոր համարելով նրա դերակատարությունը Հայրենիքի զարգացման ու հոգևոր արժեքների պահպանման գործում։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը բոլոր սերունդների համար՝ հույս հայտնելով, որ այն ևս մշտապես իր տեղը կունենա Սրբազան Հոր հոգում, աղոթքներում և գործերում։

Երկրի ղեկավարը շնորհավորել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովրդի համար այս դժվարին շրջանում թեմակալ առաջնորդն իր գործունեությամբ մեծապես կնպաստի համախմբված ջանքերի գործադրմանը և ժողովրդի հավատքի ամրապնդմանը։

 

 

Չորեքշաբթի, 3փետրվարի 2021թ.