[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության խորհրդարանը կգումարի հերթական նիստը

 

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 10-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված և գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները ստացած օրինագծերի՝ հերթական նիստում քննարկելու հարցերը:

Ազգային ժողովի  նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը: Խորհրդարանին կներկայացվի բյուջեի վերջնական տարբերակը և պատգամավորների 2-րդ փուլ առաջարկությունների վերաբերյալ կառավարության տեսակետը

Ազգային  ժողովի նախագահը տեղեկացրեց ,որ 2-րդ նստաշրջանի օրակարգ է մտցվում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրելու մասին հարցը: Արցախի Հանրապետության նախագահի առաջադրած  Գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Նեսիսյանը այսօր հանդիպել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ:

Նիստի օրակարգում 2-րդ ընթերցմամբ կներկայացվի հարկային արտոնությունների օրինափաթեթը: Նախօրեին պատգամավորական առաջարկությունների հաշվառմամբ փոփոխված տարբերակը արժանացել է ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությամբ պատգամավորների քննարկմանը կներկայացվի «Քաղաքացիական ծառայության մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը:

Նախատեսվում են նաև հարցեր Արցախի Հանրապետության  նախագահին և կառավարության անդամներին, ինչպես նաև պատգամավորական հայտարարություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արթուր Թովմասյանը  հայտարարել է, որ հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին:

Արցախի Հարնապետության Ազգային ժողովի

լրատվության և հանության հետ կապերի բաժին