Logo
Print this page

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրական կազմին

Փետրվարի 10-ին  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրակազմի հետ: Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուներ:

Քննարկվել են մայր թերթի  արդիականացման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է ,որ ընթերցանելիության բարձրացման համար անհրաժեշտ է որակյալ  տեղեկատվության մատուցում: Այդ համատեքստում ընդգծվել է ժամանակակից տեխնիկական միջոցների ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման  անհրաժեշտությունը:

Պատերազմից առաջ հանրապետական թերթի ղեկավարությունը հանդես էր եկել որպես գործակալություն գործելու նախաձեռնությամբ, ինչը կբարձրացներ լրատվամիջոցի հեղինակությունը: Թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի տեղեկացմամբ նոր իրողության պայմաններում նախագիծը հետաձգվում է, սակայն ուղիներ են փնտրելու թերթը արդիական դարձնելու համար: Առաջարկներից մեկն էլ խորհրդարանականներին էր ուղղված, այն վերաբերում էր ճեպազրույցների ու ասուլիսների ակտիվացմանը: Օրենսդիրի կողմից ողջունվեց լրագրողների առաջարկը:

Թերթը հանրային կարծիք ձևավորող մարմին է, ուստի կարևոր է, որ այն ձևի ու բովանդակության փոփոխությամբ  մեծացնի իր թիրախային լսարանը՝ եզրակացրին հանդիպման մասնակիցները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 
 
 
 
 
 

 

 
 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.