[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ

 

Մարտի 2-ին  Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Լսումները նախագահում էր Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Հարակից զեկուցումներով հանդես եկան օրինագծի համահեղինակներ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը և Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Արամ Հարությունյանը, նախքան օրինագծի հիմնավորմանն  անցնելը, խոսեց նախագծի հանրային լայն քննարկում ունենալու մասին: Համաձայն օրինագծի համահեղիակների ներկայացրած հիմնավորումների՝ օրենքում փոփոխություններն ու լրացումները բխում են՝ առավելապես «հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը »: Մետաքսե Հակոբյանը  ողջունեց ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների բաց նամակում ներկայացված տեսակետը, ըստ որի առաջարկվում է ռուսերենն  ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում: Համահեղինակը հավաստիացրեց,որ առաջարկը կքննարկվի և հաշվի կառնվի վերջնական տարբերակը մշակելիս: Նման առաջարկ եղավ նաև «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության  կողմից:

Լսումներն ուղեկցվեցին պատգամավորների և շահագրգիռ անձանց կողմից հնչեցված հարց ու պատասխաններով:

Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկներ եղան օրինագծի ձևակերպումները դարձնել առավել հստակ, կոնկրետ, համոզիչ փաստարկներով, իսկ  հանրությանը ներկայացնել հասկանալի և ըմբռնելի հիմնավորումներ: Արցախի Հանրապետության ԿԳՍՄ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանն ողջունեց նման կենսական հարցի հանրայնացումը, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ անձանց ակտիվությունը և առաջարկեց ռուսերենին տալ ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ:

Լսումների ավարտին Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվելու են հանձնաժողովային և ավելի լայն շրջանակներում:

Լսումներին ներկա էին ԱԺ նախագահը, պատգամավորներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, ԱԺ-ում արտադրական փորձուսուցում անցնող ուսանողներ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

 լրատվության և հանրության հետ կապերի բաժին