[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հյուրընկալել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

 

 

 

Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում  գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը: 

Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների  մասնակցությամբ  հանդիպմանը  ներկայացվել է միջպետական իրավական գործընթացը: Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է  «Հայաստանն  ընդդեմ  Ադրբեջանի»  միջպետական  գանգատը:

Խորհրդարանականների կողմից բարձրացվեց տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված  հայերի  ճակատագրի  հարցը:

Համապատասխան պարզաբանումներով հանդես եկան ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության  ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը:

Հանդիպմանը  մասնակցում  էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին