[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ

 

Մարտի 19-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի հետևանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության և զարգացած տեխնոլոգիաների դերը:  «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու ու զարգացնելու գործընթացից»,- իր խոսքում նշել է նախագահը՝ առաջարկելով ակտիվ ներգրավվել  Հանրապետության կրթական համակարգի  բարեփոխման աշխատանքներում:

Նախագահն անդրադարձել է նաև Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ պատերազմից հետո Արցախի անվտանգության համակարգում կարևոր դեր ունի ՌԴ խաղաղապահ զորախումբը:  Արցախի իշխանությունների առաջնային հումանիտար խնդիրներից մեկն այսօր տեղահանված բնակչության վերադարձի ապահովումն է, իսկ քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և անկախության միջազգային ճանաչման հարցերը:

 

 

Ուրբաթ, 19 մարտի, 2021թ.