[ARM]     [RUS]     [ENG]

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

 

Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:

Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավագ դպրոցում մտցնել կրեդիտային  համակարգ: Օրինագծի մեկ այլ դրույթը վերաբերվում է դպրոցներում հեռահար կրթությանը: Մասնավորապես նախատեսվում է մշակել կարգ, որով կառաջնորդվեն դպրոցները:

Սեպտեմբերի մեկից կրթական համակարգում ևս մեկ նորամուծություն կլինի՝ հանրապետության երեք շրջանների քսան դպրոցներում կմեկնարկի երկարօրյա կրթության ծրագիրը: Նպատակը կրթության որակի բարձրացմանը զուգահեռ տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է: Լուսինե Ղարախանյանի տեղեկացմամբ՝ այս փուլում ճաշարանների ձևավորման աշխատանքներ են ընթանում:

Նախարարը ներկայացրեց նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  նախագծերը:

Ներկայացրած օրինագծերը  Ազգային ժողովի փորձագիտական ծառայության գնահատմամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

Քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետև հանձնաժողովը քննարկեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: 4 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն առաջիկա լիագումար նիստի օրակարգում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին