[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

 

Մարտի 24-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:

Քննարկվել են առաջիկա լիագումար նիստի հետ կապված հարցեր: Նիստի օրակարգում  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ու Հաշվեքննիչ պալատի  անդամ ընտրելու մասին հարցերն են: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի   միջազգային պայմանագրերին  վերաբերվող օրինափաթեթը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կներկայացվի կից փաթեթով:   «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» «Նույնականացման քարտերի մասին» օրենքների նախագծերը կքննարկվեն առաջին ընթերցմամբ:

Օրենքների հաջորդ խումբը կրթության ոլորտից է: Լրացումներ և փոփոխություններ են նախատեսվում «Հանրակրթության մասին» ու «Կրթության մասին» օրենքներում:

Լիագումար նիստի օրակարգում «Լեզվի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցն է:

Պատգամավորները նաև հայտարարություններով հանդես կգան:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն առաջարկեց երկարացնել հայտարարությանը տրամադրվող ժամանակը, կառավարության հետ հարց ու պատասխանն էլ դարձնել ամենամսյա: Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ:

Խորհրդակցության վերջում Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ լիագումար նիստ է հրավիրվում մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին:

Խորհրդակցությանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուներ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

 լրատվության և հանրության հետ կապերի բաժին