[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով Երևանում է

 

Աշխատանքային այցով Երևանում գտնվող  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը  մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել  են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել  դրանց լուծման  ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի  ղեկավարները, մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին ու  պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին:

Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած  հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել  արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը:

Հանդիպմանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է. «Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին