[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։

ԱՀ պետական բարձրագույն պարգևին Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանն  արժանացել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի ավանդի ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախյան շարժման ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է ինչպես փայլուն հաղթանակներ, այնպես էլ ծանր փորձություններ, սակայն շարունակել է իր պայքարը՝ հանուն հուսալի ապագայի կերտման։ Նախագահը շեշտել է, որ այսօր էլ մենք հավատարիմ ենք Շարժման գաղափարներին ու արժեքներին և անելու ենք հնարավորը մեր համազգային նպատակներին հասնելու համար: