Logo
Print this page

Խորհրդարանի նախագահն ընդունել է «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

 

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Կառույցը նորաստեղծ է, միավորման նախագահ Ռուզաննա Ավագյանի խոսքով՝ կին փախստականները միավորվել են՝ տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու, միջազգային հարթակներում փախստականների հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով:

Խնդիրներից հիմնականը բնակարանային հարցն է: Շուրջ 33 տարի մարդիկ բնակարանային հերթում են, այժմ մտավախություն ունեն, որ 44-օրյա պատերազմի արդյունքում նոր բռնի տեղահանվածների խնդիրների կողքին իրենց հիմնախնդիրներն անուշադրության կմատնվեն:

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրեց իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը՝ շեշտելով այն հանգամանքը, որ արցախցին պետք է Արցախում ապրի: Նա հավաստիացրեց, որ բռնի տեղահանվածների հիմնախնդիրները պետության ուշադրության կենտրոնում են: Շուրջ 8000 ընտանիք բնակարանի կարիք ունի, ավելի քան 2000-ն էլ նախկին հերթացուցակում են:

Խորհրդարանի ղեկավարը ողջունեց նոր հասարակական կառույցի գաղափարը՝ ընդգծելով միասնական ուժերով երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.