Logo
Print this page

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական հայատյաց քաղաքականությունը

 

Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի ցուցահանդես–պուրակ»-ը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության ցայտուն դրսևորումն էր: Հայ զինվորներին և ռազմագերիներին  պատկերող անմարդկային, նվաստացուցիչ  տեսարանների  ականատեսը եղանք:

Ադրբեջանական վերնախավի նմանօրինակ վերաբերմունքը  ոչ միայն անտեսում և ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև վկայում է 1994թ. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի՝ ազգամիջյան թշնամանքով շաղախված ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության շարունակությունը:

 2020թ. աշնանային պատերազմի ավարտից  հետո Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը իր հայտարարություններից մեկում նշել է, որ ինքն  այնպիսի հայատյաց սերունդ է աճեցրել, որն էլ վճռել է  պատերազմի ելքը:

Այդպես Ադրբեջանն  ակնհայտորեն  ցույց է տալիս իր հակահումանիստական  և հակաբարոյական կեցվածքը, դրանով իսկ բացահայտելով ադրբեջանական  բանտերում հայ  գերիների ու պատանդների  նկատմամբ  իր վայրագությունները:

Հիմնովին դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայակործան գործունեությունը և կոչ ենք անում միջազգային մարդասիրական հանրությանն ու շահագրգիռ կառույցներին  պատշաճ գնահատական տալ ազգային արժանապատվության ոտնահարման և նվաստացման իրողություններին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.