[ARM]     [RUS]     [ENG]

Միանվագ 500,000 ՀՀ դրամ օգնություն կտրամադրվի պատերազմում վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ստորագրել է ԱՀ կառավարության որոշում, համաձայն որի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն:

                 Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաև պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ովքեր տարաբնույթ պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար, կամ դիմել և տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն:

                 Դրամական օգնություն ստանալու համար շահառուները հուլիսի 5-ից կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին: Այնուհետև շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և ապացույցները տասնհինգ օրվա ընթացքում ուսումնասիրվելու և քննարկվելու են, ինչի արդյունքում կազմվելու է եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ դրամական օգնության նշանակումը մերժելու մասին: