[ARM]     [RUS]     [ENG]

Նախատեսվում են ԱՀ պետական պարգևների ու կոչումների նոր տեսակներ

 

 

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվել է օրենքի նախագիծ, որի համաձայն պետական պարգևների, շքանշանների, մեդալների ու կոչումների նոր տեսակներ ու կարգավորումներ են նախատեսվում: «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծի համաձայն,  պետական շքանշանների, մեդալների ու կոչումների տեսակները կհամալրվեն՝  Բարեկամության շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով և Արցախի Հանրապետության Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումով:

«Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» նոր օրենքի նախագծում նախատեսել դրույթներ նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևների վերաբերյալ, որոնցով պարգևատրվել են Արցախի Հանրապետության քաղաքացիները: Նախկինում շնորհված՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևները պետք է պահպանեն իրենց ուժը»,-նշված է օրինագծում: «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ներկայացմամբ,  այսօր հունիսի 24-ին քննարկվել է Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այս մասին տեղեկացրին Աժ լրատվական ծառայությունից՝մանրամասնելով, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորական առաջարկ չի եղել: Հեղինակի կողմից եղած միակ առաջարկի հաշվառմամբ օրինագիծը խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը: