Logo
Print this page

«Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ կապիտան Արթուր Աղասյանին

Արցախի Հանրապետության նախագահի որոշմամբ՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Դա պատերազմի ընթացքում կենդանության օրոք հերոսի կոչման արժանացնելու իմ առաջին որոշումն էր, որը դեռ չստորագրած, Արթուրի հետ իմ՝ արդեն պարբերական դարձած կապն ընդհատվեց... 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց նրա վաշտին էր վստահված: Արթուրն արդեն հերոս էր. դրանում բոլորս համոզվել ենք Ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Հայրենիքը բարձր է գնահատել հայրենիքի նվիրյալ զավակի գործած սխրանքները՝ նրան արժանացնելով «Մարտական խաչ» 2֊րդ աստիճանի շքանշանի։ Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում, բացի Արթուրից, կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս։ Այդ մեծ վշտի սփոփանքն անձնվեր զավակների կիսատ թողածը շարունակելն է միայն։ Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև…»,-նշել է ԱՀ նախագահը:
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.