[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպումներ Ավստրալիայում

          ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ոչ պաշտոնական այցով այս օրերին գտնվելով Ավստրալիայում, մի շարք հանդիպումներ է ունեցել  տեղի հայ համայնքային կառույցների, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր  ու գործադիր մարմինների  ներկայացուցիչների հետ։

            Հուլիսի 3-ին, Սիդնեյ քաղաքում հյուրընկալվելով Հայ Դատի հանձնախմբի կողմից, Հայ մշակութային կենտրոնի սրահում նա  հանդես է եկել բանախոսությամբ՝ «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները» թեմայով։ Բանախոսության ընթացքում պատգամավորը, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարել նաև ԼՂՀ ներկայիս իրավիճակին, ապա պատասխանել ունկնդիրների հարցերին։

            Հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, արցախցի պատգամավորը՝ հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանի աջակցությամբ, Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան բարեկամության հանձնաժողովի նախագահ Ջոնաթան Օթեյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական  համագործակցությանն առնչվող հարցեր։  Հանդիպման ավարտին զրուցակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող, որ տեղադրված է խորհրդարանի պալատում։

            Նույն օրն Արմեն Սարգսյանը՝ Հայ Դատի գործադիր տնօրենի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Գլադիս Պերեճիքլյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ միջազգային ճանաչման հետ կապված հարցեր, ինչպես նաև ձեռք են բերվել փոխադարձ այցելությունների վերաբերյալ պայմանավորվածություններ։

 

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ