[ARM]     [RUS]     [ENG]

Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա. ԱԺ նախագահ

Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա, ու այն պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի  խմբի հովանու ներքո տարվող  բանակցություններում։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցի ընթացքում.

-Պարոն Թովմասյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղի կարգավիճակի հարցին, ասել, որ հակամարտությունն ավարտված է և նման հարց գոյություն չունի։ Ի՞նչ դիտարկումներ ունեք իր այս հայտարարության մասին։ 

-Այո՛, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ասել է, որ չկա Ղարաբաղ և որ հակամարտությունը լուծված է։ Նա նաև ասում է, որ ինքն ու ՌԴ նախագահը քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում նաև՝ Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Նա նշում է, թե ինքն ու  ՌԴ նախագահ Պուտինը մոտեցումների շուրջ տարաձայնություններ  չունեն։ Ադրբեջանի բանակը,մինչդեռ շարունակում է ոչ միայն սպառնալ Արցախին, այլ ամրապնդել իր դիրքերը ՀՀ սահմանին։ Իհարկե, Ալիևի հայտարարություններով չի որոշվում Արցախի կարգավիճակի հարցը։ Այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի համարձակ քայլերի գնա, այսինքն՝ վերսկսի այն բանակցությունները, որոնք կային մինչև  2020 թվականի աշնանային արյունոտ 44 օրյա պատերազմը։ Ադրբեջանի նախագահը չի վերադառնում բանակցային գործընթաց, որովհետև համոզված է, որ այն սկսվելու դեպքում Ադրբեջանն ունի սակավաթիվ հաղթաթղթեր։ Ալիևն ամեն ինչ անում է, որ գործընթացը գնա փակուղի ու բանակցությունները չվերսկսվեն։ Այս ամենը պետք է հաշվի առնի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու անտարբեր չլինի, գործի այն մանդատով, որն իրեն վստահել են հակամարտող ու պատերազմող կողմերը։ Հայ-ադրբեջանական լոկալ պատերազմ եղել է Տավուշում, բայց երեք՝ և' 1992-1994, և՛2016 թվականի ապրիլյան,և՛ 2020 թվականի պատերազմները եղել են Արցախում։  Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը Թուրքիայից ուներ զուտ բարոյական աջակցություն, 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ակնայի (Աղդամի) ուղղությամբ նաև թուրք սպաներ են զոհվել։ Իսկ արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ 30 տարի չի կարողանում այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով և իր խոսքերով՝ հարցը պետք է լուծվեր ռազմական ճանապարհով։ Արցախյան երրորդ պատերազմը ոչ թե Ադրբեջանի հետ էր, այլ դրան մասնակցում էին  Թուրքիան ու վարձկան ահաբեկիչները։ Պատերազմին անուղղակի մասնակցություն էր ունենում  նաև Իսրայելը՝ ԱԹՍ-ների տեսքով։ 

-Տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի հարցը առաջնային չէ նաև Ռուսաստանի համարայն թողնված է անորոշ ապագայի։ Ի՞նչ դերակատարություն կունենա այս հարցում Մոսկվան։ 

-Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի  ֆորմատը։ Այսինքն՝ Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա, ու այն պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի  խմբի հովանու ներքո տարվող բանակցություններում։ Գտնում եմ, որ պետք է քննարկվի ինչպես կարգավիճակի, այնպես էլ բռնի տեղահանվածների վերադարձի  և օկուպացված տարածքների հարցը, այդ թվում  նաև՝ մշակութային ցեղասպանությունը Արցախի հանդեպ։ 

-Ե՞րբ այդ հարցը կդառնա քննարկման առարկա։ 

–Մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում։ 1994-ից  ի վեր  այն  քննարկման առարկա է։  Իսկ Ադրբեջանը երբեք  մշակութային ցեղասպանության հարց  չի բարձրացրել, որովհետև այն տարածքները,  որ գտնվում էին մեր վերահսկողության  ներքո, այդտեղի մզկիթներից գոնե մեկը պետական միջոցներով վերանորոգել ենք․ համարում ենք, որ այն պարսկական մզկիթ է։ 

-Ադրբեջանի այժմյան սադրանքներն ի՞նչ բնույթ են կրում, հնարավո՞ր են լայնամասշտաբ գործողություններ։ 

-Արցախում առայժմ մտահոգվելու որևէ բան չկա, իսկ այն,  ինչ կատարվում է  Հայաստանի սահմանամերձ շրջաններում, այդ հարցը պետք է տալ ՀՀ իշխանություններին։ 

-Պարոն Թովմասյան, կխնդրեմ անդրադառնաք նաև մի շարք երկրների դեսպանների՝ Շուշի կատարած այցին և նաև այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները  այս ցանկում չկային։ Սա մեսի՞ջ էր Բաքվին։

-Բոլոր այն դեսպանները, ովքեր այցելել են ոչ միայն Շուշի, այլ Ադրբեջանի կողմից օկուպացված այլ տարածքներ ,  ասել, վատ տպավորություն են թողել Արցախի ժողովրդի վրա, քիչ է։ Մեր ժողովուրդը համարում է, որ դրանով նրանք արդարացրել են Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների ագրեսիան։ Մենք դրան դեմ ենք ու դատապարտում ենք  ցանկացած  նման այցելություն։ Իհարկե, նաև  բարձր ենք գնահատում այդ, այսպես կոչված, միջոցառմանը Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների դեսպանների չմասնակցությունը։ Այդ երեք երկրների դիրքորոշումը բարոյական ու քաղաքական առումով շատ ճիշտ է։ Առանձնապես  անհասկանալի է Հունաստանի դեսպանի այցը։ Դուք գիտեք, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շուտով Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։ Նշեմ նաև, որ  Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները դատապարտել են դեսպանների այցելությունն օկուպացված տարածքներ։