[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով: Հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, 10-րդ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը:

Կրթօջախի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտությունը ծագել էր դեռ մինչև պատերազմը: 2018 թվականին  հանրապետական սեյսմիկ կայանի եզրակացության հիման վրա նախագիծ էր մշակվել, համաձայն որի պիտի իրականացվեին կրող պատերի ու միջհարկային ծածկերի ամրացման աշխատանքներ: Նախատեսվում էր նաև ընդհանուր վերանորոգում: Ծրագրի արժեքը 2018 թվականի գներով  շուրջ 2 մլրդ 61 մլն դրամ էր:

Քննարկման արդյունքում առաջարկվել է  վերանայել նախնական նախագիծը, ինչը թույլ կտա հրաժարվել ավելորդ ծախսերից ու առավել սեղմ ժամկետներում իրականացնել շենքի վերանորոգումը: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլերով՝ ըստ առանձին մասնաշենքերի, ինչը հնարավորություն կտա չխաթարել ուսումնական գործընթացը:

Շինարարությունը լրիվությամբ կավարտվի 2022 թվականի  ամռանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին