[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոց և տեղում ծանոթացել 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ հրթիռակոծության հետևանքով վնասված շենքի վերականգնման աշխատանքներին։

Երկրի ղեկավարն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ՝ հանձնարարելով շինարարության ոլորտի պատասխանատուներին մինչև սեպտեմբերի վերջ ավարտել նոր պատուհանների տեղադրումը՝ աշակերտների և ուսուցիչների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ բնականոն դասապրոցես իրականացնելու համար։

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև դպրոցի մասնաշենքերի՝ նախագծով նախատեսված վերակառուցման և վերանորոգման փուլային աշխատանքների ընթացքով և ընդգծել, որ առավելագույնս սեղմ ժամկետներում դրանք պետք է շահագործման հանձնվեն։

 

 

Երեքշաբթի, 14 սեպտեմբերի 2021 թ