[ARM]     [RUS]     [ENG]

Քննարկվել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները

 Հոկտեմբերի 9-ին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի մասնակցությամբ անց է կացվել ընդլայնված խորհրդակցություն՝ նախարարության պատասխանատուների և համակարգի բուժհաստատությունների ղեկավարների հետ: Կատարված աշխատանքերի վերաբերյալ զեկուցել են համակարգի ներկայացուցիչները: Քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում իրականացվող աշխատանքները, առաջացող խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները: Առողջապահության նախարար Մ. Հայրիյանը ներկայացրել է սեպտեմբեր ամսվա և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կտրուկ աճը Արցախում և հրահանգել պատասխանատու մասնագետներին հանդես գալ կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման վերաբերյալ համապատասխան առաջարկներով։ Միքայել Հայրիյանը կրկին հորդորել է համավարակի կանխարգելմանը մոտենալ պատշաճ պատասխանատվությամբ, հետևել բոլոր ցուցումներին և հնարավորինս ավելի զգոն լինել նոր բռնկումներից խուսափելու համար։ Հանդիպման վերջում Արտակ Բեգլարյանը հանձնարարել է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել դպրոցներում , պետական, վարչական և հնարավոր բոլոր հիմնարկներում տրամադրել ախտահանիչ միջոցներ, մտցնել որոշ սահմանափակումներ և պատվաստման հետ կապված լրացուցիչ իրազեկման աշխատանքներ իրականացնել, որպեսզի հանրությունը կարողանա ավելի մատչելի ձևով պատվաստումից օգտվել։ Հանդիպմանը ներկա էին նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության և կրթության համակարգի ներկայացուցիչներ։