[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ-ում քննարկվել է կառավարության որոշման նախագիծ

 

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում քննարկել են «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Քննարկմանը ներկա էին ԱՀ  պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը և պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը: Նախագիծը ներկայացրեց բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Նա տեղեկացրեց, որ շահառուների հաշվառման համար լիազոր մարմինը ունենալու է կայքէջ, դիմում-հարցաթերթիկները նաև էլեկտրոնային եղանակով են ընդունվելու: Դիմումների առաջնահերթությունը որոշելիս որպես հիմք ընդունվելու է կարիքը, ոչ թե դիմումը ներկայացնելու ժամկետը: Նախատեսվում է կառուցել ու ձեռք բերել 6500 բնակարան ու բնակելի տուն: Առաջնային շուկայում բնակարանի քառակուսի մետրի գինը չպետք է  գերազանցի 360 հազար դրամը, երկրորդային շուկայում՝ Ստեփանակերտում 240 հազարը /ընդ որում ՝չպետք է գերազանցի 26 մլն դրամը/,բնակելի տների պարագայում՝ 200 հազարը /չպետք է գերազանցի 36մլն դրամը/, շրջկենտրոններում բազմաբնակարանները՝ 120 հազարը, բնակելին՝ 100 հազարը: Շրջկենտրոններում բնակելի տների գինը չպետք է գերազանցի 15 մլն դրամը, գյուղական բնակավայրերում՝ 10 մլն դրամը: Նորոգման և գնման գինը պետք է ցածր լինի նորակառույցի ինքնարժեքից: Բնակարանները տրամադրվելու են 10 տարի շահագործման պայմանով, մեկ շնչին հատկացվելու է 16 քառ/մ – 22 քառ./մ: Պետությունը մինչև 2 մլն դրամի սահմաններում կահավորելու ու կենցաղային տեխնիկայով ապահովելու է բնակարանները: Բնակարանների անհատույց տրամադրման պայմանագիրը լուծարվելու է, եթե շահառուն  3 ամիս անընդմեջ չբնակվի բնակարանում: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թ. հուլիսը: Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները հարցադրումներ ուղղեցին զեկուցողին: Անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկան նաև պետնախարար Արտակ Բեգլարյանն ու  պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը: Հոկտեմբերի 6-ից որոշման նախագիծը խորհրդարանում է: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հիշեցրեց, որ մինչև վաղը խորհրդանանականները առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն: