[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի բռնազավթված համայնքների վերաբերյալ իրավական հստակեցում առաջարկող օրինագիծ Ազգային ժողովում

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հավանության է արժանացրել ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով լրիվ կամ մասամբ բռնազավթվել են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև այն բնակավայրերը, որոնց մի մասն է պատերազմի հետևանքով բռնազավթվել: Նախագծով իրավական հստակեցում է մտցվել  նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ:

 ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը  վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։ ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը կքննարկվի Աժ առաջիկա հերթական նիստում։