[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված  հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլյամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց,  ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց  համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։

Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։

Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է  նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։
Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից։