[ARM]     [RUS]     [ENG]

Դյուրացվում է աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը

 
Ապրիլի 28-ին հերթական նիստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քանի որ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող ու աշխատող կամ աշխատած անձանց աշխատանքային գործունեության տվյալները պահպանված չեն, օրենքով կանոնակարգվում է գործատուների կողմից աշխատանքային գրքույկներ վարելու գործընթացը` մինչև կառավարության սահմանած կարգով և ժամկետներում դրանցում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելը:
Գործող աշխատանքային օրենսգրքով գործատուների կողմից աշխատանքային գրքույկ պահանջելու և վարելու պարտադիր պահանջը 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցված է: Միաժամանակ նախատեսված է հինգ տարվա ընթացքում աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը, կառավարության սահմանած կարգով ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմին` տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:
Սույն օրենքով լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովների սահմանած աշխատանքային ստաժը հիմք կհանդիսանա աշխատանքի ընդունման համար պահանջվող աշխատանքի ստաժը հաշվարկելու համար: