[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ խորհրդարանի ղեկավարը ընդունել է Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին

 

Հունիսի 20-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին:

Սփյուռքում ապրող մեր հայրենակից  Լևոն Քիրաջյանն  ավելի քան  30 տարի ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցում  որոշակի գումար՝ իր համեստ ներդրումն ունենալով հայրենիքի զորացմանը: Նրա օրինակին է հետևել Կարեն Առաքելյանը:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել սփյուռքահայ բարեկամների հարենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նման մարդկանցով է հայրենիքը կանգուն:

Բարերարների ներդրումը բարձր են գնահատել նաև Արցախի 3-րդ ու գործող  նախագահները: Լևոն Քիրաջյանի՝ բացառիկ հայի մասին Վրեժ Սարուխանյանը գիրք է հեղինակել «Բացառիկը» վերնագրով:

«Ամեն ամիս ուրախությամբ եմ նվիրատվություն իրականացնում՝գիտակցելով, որ իմ փոքրիկ լուման եմ ներդնում հայրենիքի զարգացմանը: Մենք բոլորս պարտավոր ենք ուժերի ներածին չափով կանգնել Արցախի ու Հայաստանի կողքին»,- ասել է Լևոն Քիրաջյանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին