[ARM]     [RUS]     [ENG]

Պետական նախարարի մոտ քննարկվել են առողջապահության համակարգի բարեփոխման որոշ ծրագրեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին  խորհրդակցություն  է անցկացրել  առողջապահության  համակարգի բարեփոխման ծրագրերի շուրջ, որին մասնակցում  էին առողջապահության նախարար  Միքայել Հայրիյանը, պետական  նախարարի  խորհրդական Արա Բաբլոյանը, նախարարությանը կից գործող մասնագիտական խորհրդի  համակարգող  Արամայիս Գալումյանը և որոշ բուժհիմնարկների  ղեկավարներ:

Անդրադարձ է կատարվել առողջապահության համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին, որի առթիվ պետական նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքային խմբերի քննարկումներն ու վերջնականացնել նախագիծը, որպեսզի հաջորդ փուլում նախապատրաստվեն ու իրականացվեն ռազմավարությունից բխող միջոցառումները: Հիմնական քննարկումները ծավալվել են համակարգի կառավարման մոդելի ու ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, որոնց արդյունքում որոշվել է վերջնականացնել բուժաշխատողների վարձատրության խթանիչ մեխանիզմների մշակումը և փորձնական հիմունքներով դրանք ներդնել բուժծառայությունների մի մասում:

«Առողջապահության համակարգի գլխավոր ուղղություններից են կառավարումն ու ֆինանսավորումը, որոնց բարեփոխումները հարկ է կատարել առաջին փուլում, ինչը դրականորեն կանդրադառնա համակարգի որակի վրա՝ և՛ բուժաշխատողի, և՛ քաղաքացիների տեսանկյուններից: Բուժաշխատողները պետք է ստանան խթանող ու արդարացի վարձատրություն, և այնպիսի մեխանիզմներ պետք է ներդնել, որոնք կապահովեն լրիվ պետպատվերով բուժսպասարկումը՝ բացառելով ստվերային վճարման երևույթները: Ինչ վերաբերում է կառավարմանը, ապա դա առնչվում է համակարգի բոլոր ուղղություններին, և անհրաժեշտ է հնարավորինս արագ կերպով հստակեցնել առկա հիմնախնդիրներն ու անցնել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը: Վստահ եմ, որ տեղի, հայաստանյան և սփյուռքյան առաջատար մասնագետների ընդգրկմամբ կկարողանանք այս և այլ ռազմավարական բարեփոխումներն իրականացնել արդյունավետորեն ու պատշաճ ժամկետներում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է քննարկվող հարցերի շուրջ կատարված աշխատանքներն ու արդյունքները, իսկ Արա Բաբլոյանն ու Արամայիս Գալումյանը՝ իրենց մոտեցումներն ու առաջարկները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար աջակցել նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել առողջապահության նախարարությանը՝ ընդգծելով բոլոր կարողունակ ու պատրաստակամ շրջանակների ընդգրկման ու ժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը: