[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկել է Հանրային խորհրդի անդամության թեկնածուների դիմումների ընդունման գործընթացը

 Արցախի Հանրապետության Նախագահի 2022թ. սեպտեմբերի 12-ի համապատասխան հրամանագրով ստեղծված Հանրային խորհրդի 8 անդամները հայտարարություն են տարածել՝ Խորհրդի մյուս 17 անդամների թեկնածության դիմումների ներկայացման մեկնարկի վերաբերյալ: Հայտարարությունում ասված է. «Հարգելի հայրենակիցներ. ինչպես գիտեք, Արցախի Հանրապետության Նախագահի 2022թ. սեպտեմբերի 12-ի ՆՀ 1394-Ն հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել Խորհրդի կանոնադրությունը և նշանակվել են 8 անդամներ, ովքեր պետք է կազմակերպեն Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը: Խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա և իրականացվելու է հասարակական հիմունքներով։ Նպատակ ունենալով ապահովել հասարակության լայն շերտերի ներկայացվածությունը Խորհրդում, Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամները Խորհրդի անդամների թեկնածություններ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրելու են Խորհրդի մյուս անդամներին: Քվեարկության արդյունքներով ընտրված կհամարվեն առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, իսկ ձայների հավասարության դեպքում կանցկացվի վիճակահանություն: Ըստ այդմ, դիմում ենք Արցախի Հանրապետության՝

• տեղական ինքնակառավարման մարմիններին,

• հասարակական կազմակերպություններին,

• հայրենակցական և ստեղծագործական միություններին,

• երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին,

• զանգվածային լրատվության միջոցներին,

• վետերանների միություններին,

• գիտակրթական կազմակերպություններին ու հաստատություններին,

• քաղաքացիական հասարակության այլ կառույցներին.

Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով անհրաժեշտ է գրավոր եղանակով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել Խորհրդի անդամների թեկնածություններ` սույն հայտարարության մեջ նշված տվյալներից բացի ներկայացնելով նաև նրանց գրավոր համաձայնությունը Խորհրդի անդամի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, Արցախի Հանրապետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաև Խորհրդի առջև դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ: Խորհրդի անդամ չեն կարող լինել.

• Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, դատավորները, պետական կառավարման այլ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության, քննչական կոմիտեի, հարկադիր կատարումն ապահովող և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունների ծառայողները.

• դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

• հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

• օրենքի խախտմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք:

Հանրային խորհրդի անդամների թեկնածություններ առաջարկելու նպատակով դիմումատուն պետք է ներկայացնի՝

• դիմում,

• ինքնակենսագրություն,

• անձնագրի պատճենը,

• հայտարարություն, որ ծանոթ է Հանրային խորհրդի կանոնադրությանը` http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=28144.

Փաստաթղթերը ներկայացվում են ԱՀ Նախագահի աշխատակազմ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-17:00, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20, շենք 3: Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2022թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով:

Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամներ 14.09.2022թ.»: