ԱՀ ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորների երախտիքի խոսքը Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին
Պարոն Բրունո ՌԸՏԱՅՈ, Սենատի Հանրապետականներ խմբակցության Նախագահ,
Պարոն Քրիստիան ԿԱՄԲՈՆ, Սենատի Արտաքին գործոց և Պաշտպանության մշտական հանձնաժողովի Նախագահ,
Տիկին Էլիանս ԱՍՍԱՍՍԻ, Սենատի Կոմունիստական խմբակցության Նախագահ,
Պարոն Պատրիկ ԿԱՆՆԵՐ, Սենատի Սոցիալիստական խմբակցության Նախագահ,
Պարոն Հերվե ՄԱՐՍԵԼ, Սենատի Կենտրոնական ուժերի Միություն խմբակցության Նախագահ,
Պարոն Ժիլբեր-Լյուկ ԴԸՎԻՆԱԶ, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի Նախագահ,
Տիկին Նախագահ,
Պարոնայք Նախագահներ,
Հատուկ բավարարվածությամբ և երախտիքի խորին զգացումով տեղեկացանք Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման, հայաստանյան տարածքից վերջինս անհապաղ նահանջի, 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարգման ստիպման և երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության կոչ անող բանաձևի ձեր համատեղ առաջարկությանը։
Մենք հիրավի երջանիկ ենք արձանագրել Ֆրանսիայի Սենատում քաղաքական բոլոր ուժերի նման միաձայնություն՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ և խորապես երախտապարտ ենք ձեզ և ողջ Սենատին, որի ուշադրությունն ու մտահոգությունն այդ իրավիճակի մասին չի թուլացել 2020թ. աշնան պատերազմի սկզբից ի վեր։
2020թ. նոյեմբեր 9-ի զինադադարի մասին համաձայնագիրը վերջ դրեց այդ պատերազմին։ Այդ պահից ի վեր ռուս խաղաղապահ ուժերը ապահովում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը՝ հնարավորություն ընձեռելով արցախահայությանը ապրել իր պատմական հայրենիքում։
Սակայն համաձայնագիրը չլուծեց հակամարտությունը, որը պիտի կարգավորվի միայն քաղաքական բանակցությունների ճանապարհով, որոնց լավագույն շրջանակը, կարծում ենք, շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի Խումբը, քանի դեռ այն չի լուծարվել։
Քաջ գիտակցելով ներկա համաշխարհային իրողությունները և միջազգային տարաձայնությունները՝ մենք այդուհանդերձ չենք կարող անտեսել, որ այսօր զոհասեղանին են դրված ողջ հայ ժողովրդի ճակատագիրը և նրա մի ստվար մասի գոյության, խաղաղության և ազատության հիմնարար իրավունքը, որոնք կարող են երաշխավորվել միայն 30 տարի առաջ իր ժողովրդի ժողովրդավարական կամարտահայտությամբ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմամբ։
Ուստի մենք կոչ ենք անում Ֆրանսիային՝ բոլոր անհրաժեշտ ջանքերը ձեռնարկելու, վերսկսելու համար խաղաղ բանակցությունների գործընթացը Մինսկի Խմբի համանախագահության շրջանակում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության հետ միասին և հուսով ենք, որ Սենատի՝ այդ առումով օրինակելի ջանքերը կնպաստեն դրան։
Մեկ անգամ ևս երախտապարտ ենք ձեզ իրավիճակի ծանրությունը լիովին գիտակցելու և դրա փայլուն ապացույցն հանդիսացող այս բանաձևի նախաձեռնության համար։
Խորին հարգանքով՝
Վլադիմիր Կասյան
Արևիկ Պետրոսյան
Արամ Գրիգորյան
Մարսել Պետրոսյան
Նունե Մելքումյան
Մետաքսե Հակոբյան
Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողով
Արցախ-Ֆրանսիա Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորներ